Առաջարկվում է ավելացնել դատավորների կենսաթոշակները՝ այն դարձնելով աշխատավարձի 75%-ը


ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթ, որը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը:

«Այն կարգը, որով սահմանվել է դատավորներին կենսաթոշակների վճարման կարգի չափի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական է ճանաչվել և  անհրաժեշտություն կա կարգավորման է»,- ասաց նա և նշեց, որ այդ իսկ պատճառով էլ նախաձեռնել են այս նախագիծը:

Այսպիսով` պատգամավորը պարզաբանեց, որ առաջարկում են լրացում կատարելու, ըստ որի՝ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավորումը դադարելուն նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից:

«Այս կարգավորումը տարբեր օրենքներից է գալիս, նախկինում 55 տոկոս է եղել, որը Սահմանադրական դատարանը համարել է հակասահմանադրական: Եթե ՍԴ որոշումը չլիներ, ապա դատավորը 55 տոկոս էր ստանալու»,-ասաց նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ տեխնիկական խնդիրներ են նկատել և ներկայացրել են առաջարկներ: «Առաջարկվում է կենսաթոշակի երաշխավորված չափ, որը կկազմի զուտ աշխատավարձի 75 տոկոսը, իսկ պատգամավորների առաջարկով կեղտոտ աշխատավարձի 75 տոկոսն է, որը գործնականում նշանակում  է մոտավորապես 100 տոկոս փոխհատուցման գործակից, իսկ դա Կառավարության համար ընդունելի չէ»,-ասաց նա:


Այսպիսով՝ հանձնաժողովի անդամները որոշեցին Կառավարության առաջարկներով լրամշակել նախագիծը և նախագծի քվեարկությունը երկու ամիս ժամկետով հետաձգել: