Հավելյալ 888 միլիոն դրամ՝ հակաճգնաժամային 17-րդ միջոցառմանը

 

Հակաճգնաժամային 17-րդ միջոցառման շրջանակներում Կառավարության որոշմամբ կհատկացվի հավելյալ 888 մլն դրամ:


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը Կառավարության նիստում ներկայացրեց պետբյուջեում վերաբաշխում կատարելու մասին նախագիծը: 


«Առկա իրավիճակում անհրաժեշտություն էր առաջացել նախարարության մի շարք ծրագրեր վերափոխել և իրավիճակին հարմարեցնել: Այդ պատճառով Կառավարության այս տարվա պետբյուջեով հաստատված «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար նախատեսված առկա ողջ չօգտագործված 888 միլիոն դրամի գումարը տվյալ որոշմամբ նախատեսվում է ուղղել 17-րդ միջոցառման իրականացմանը»,- նշեց Մելիքյանը՝ հիշեցնելով՝ միջոցառումը կազմված է երեք դրամաշնորհային ծրագրերից՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորման դրամաշնորհներից:

«Առաջին 2 դրամաշնորհների համար ստացել ենք աննախադեպ քանակի հայտեր՝ 290-ից ավելի հայտ, որոնք արդեն ամփոփման փուլում են: Երրորդի մասով արդեն 5 հայտ ենք ստացել, բայց դեռ կստանանք: Նախատեսվում է, որ ամբողջ գումարը կսպառվի: Ժյուրին այդ 290 հայտերից հավանություն է տվել 70-ից ավելի ընկերությունների հայտերին, եւ եթե դրանք բավարարվեն, մենք կանցնենք սահմանված 888 մլն դրամի շեմը»,-ասաց փոխնախարարը: