Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում ռազմական նախապատրաստություն է․ երկիրը պատերազմի՞ է պատրաստվում․ BBC


BBC-ի ադրբեջանական ծառայությունն ուշագրավ հոդված է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում ու առաջնագծում ռազմական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Այս մասին լրատվամիջոցին պատմել են հենց տեղի բնակիչները։ Նրանք ասել են, որ Թովուզի շրջանում հուլիսին տեղի ունեցած մարտերից հետո սահմանամերձ ու առաջնագծին մոտ գտնվող գյուղերում աննախադեպ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ 

Առաջնագծին մոտ տեղակայված գյուղի բնակչուհիներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ թովուզյան մարտերից հետո և՛ զինվորականները, և՛ տեղի վարչական ղեկավարը եկել ու սկսել են իրենց տների առաջ ապաստարաններ փորել։ «Մեզ ասել են, որ այս խրամատները փորում են, որ մարդիկ կարողանան հրդեհի ժամանակ վազել ու թաքնվել»,- BBC-ին ասել է սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը։ Սահմանամերձ այլ գյուղի բնակիչ էլ ասել է, որ նրանց հանձնարարվել է բակում փորված խրամատի շուրջբոլորը ծածկել ավազի պարկերով։ 

Բացի այդ, սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հաճախ են հրապարակվում օգտագործված մեքենաների անվադողերի հավաքման ու առաջնագիծ տանելու կոչեր և անվադողերի հավաքման տեսանյութեր։ Լրատվամիջոցի հետ զրույցում էլ լրագրող Աֆգան Մուխթարլին ասել է, որ սահմանամերձ ու առաջնագծին մոտ շրջաններից տեղեկություններ է ստացել, որ այնտեղ ամրացման աշխատանքներ են իրականացվում։ «Շրջանից իմ ընկերները պատմել են, որ թովուզյան մարտերից հետո ադրբեջանական կողմը մեծ աշխատանքներ է տանում՝ ռազմաճակատի ամբողջ երկայնքով պաշտպանական ամրությունները ամրապնդման համար։ Առաջնագծին մոտ գյուղերում ու տներում պաշտպանական ամրություններ են կառուցվում։ Ռմբակոծությունից իրենց պաշտպանելու համար էլ մարդիկ պիտի այդպիսի միջոցներ ձեռնարկեն իրենց տան բակերում»,- ասել է Մուխթարլին։ 

BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ռազմական մեկնաբան Ուզեիր Ջաֆարովն էլ նշել է, որ քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, մարտական գործողությունների ցանկացած պահի կարելի է սպասել։ Նա խոսել է նաև մարտական գործողություններում Թուրքիայի աջակցության մասին՝ այն առանցքային համարելով։ «Թուրքիայի հայտարարությունը հուլիսին, որ նրանք կաջակցեն Ադրբեջանին, շատ կարևոր է։ Մինչ այս Թուրքիան իր աջակցությունն արտահայտել է միայն դիվանագիտական լեզվով, բայց այս անգամ ուղղակի հայտարարեց, որ ցանկացած իրավիճակում կաջակցի Ադրբեջանին»,- ասել է Ջաֆարովը։ Ռազմական փորձագետը նաև արցախյան ճակատում ու Հայաստանի հետ սահմանին պաշտպանական ամրությունների կառուցումը «ուշացած» է որակել։ «Առաջնագծում Ադրբեջանի հարյուր հազարավոր քաղաքացիներ են ապրում։ Ամրացման աշխատանքները վաղուց պիտի արվեին Թովուզի, Ղազախի, Աղստաֆի, Տերտերի, Աղդամի ու Ֆիզուլիի շրջաններում։ 

1994թ հրադադարի մասին համաձայնագրից հետո շրջաններում կարևոր է ունենալ պաշտպանական կառույցներ՝ նրանց թշնամու հարձակումներից պաշտպանելու համար։ Հուլիսի մարտերի ժամանակ խաղաղ բնակիչ զոհվեց։ Եթե պաշտպանության այդպիսի միջոցներ լինեին, այդ մարդը չէր զոհվի»,- ասել է Ջաֆարովը։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Հիքմեթ Մամեդովն էլ լրատվամիջոցին ասել է, որ տարածաշրջանում առկա է շատ զգայուն բալանս, որը փխրուն է։ «Ոչ ոք չպիտի մտածի, որ հակամարտությունը սառեցված է։ Հենց որ լինեն բարենպաստ պայմաններ, Ադրբեջանը քայլեր կձեռնարկի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Այդ պատճառով պատերազմի վտանգ միշտ կա»,- ասել է Մամեդովը։ 

Ի դեպ՝ BBC-ի ադրբեջանական ծառայությանը չի հաջողվել Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից պարզաբանում ստանալ պատերազմի նախապատրաստվելու պնդումների մասին: