Մեսչյանը հեռացավ իր պաշտոնից, բայց մենք հիշում ենք նախընտրական խոստումների մասին. Խաժակյանը՝ մետրոյի նոր կայարանի և ճոպանուղու մասին

Հարցս վերաբերում է մետրոպոլիտենի նոր կայարանին և ճոպանուղուն, որովհետև երբ Արթուր Մեսչյանը հեռացավ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից, տպավորություն ստեղծվեց, թե նա իր հետ տանում է իր բարձրաձայնած խոստումները, մինչդեռ մենք հիշում ենք, որ դրանք «Իմ քայլը»-ի նախընտրական խոստումներն էին: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցմանը:

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքեց, թե մետրոպոլիտենի հարցով քննարկում է տեղի ունեցել Կառավարությունում, և համաձայնության են եկել, որ երկփուլանի մրցույթ պետք է իրականացվի: «Այս պահի դրությամբ աշխատում ենք մրցութային փաթեթի վրա, որ մրցույթ հայտարարենք տեխնիկական բնութագիր գրելու համար, որից հետո արդեն երկրորդ փուլով պետք է մրցույթ հայտարարվի»,-նշեց նա:


Խաժակյանի հարցին՝ Սարգսյանը կարո՞ղ է որոշակի ժամկետ նշել, վերջինս պատասխանեց, թե չի ցանկանա ժամկետ նշել. «Աշխատանքները սկսված են, և անկախ նրանից՝ ով կլինի քաղաքային իշխանությունում կամ մեր պաշտոնավարման ընթացքում մենք դա ավարտին կհասցնե՞նք, թե՞ կիսատ կմնա, դրանք այն քայլերն են, որ իրականացվում են, և ցանկացած ղեկավարի հնարավորություն կտան այն սկսել ոչ թե 0-ից, այլ ինչ-որ մի մակարդակ ավելի բարձրից»,-ասաց նա:

 

Խաժակյանն արձագանքեց, որ եթե ինքը լինել ավագանու մեծամասնության փոխարեն, կասեր՝ «քարոզարշավ էր, ինչ-որ բան ասացինք, խոստացանք, հիմա չի ստացվում»: