Դատարանը թույլատրեց Արա Բաբլոյանին ժամանակավորապես մեկնել ՀՀ-ից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում էր ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը, որի ընթացքում դատավոր Հարություն Մանուկյանը բավարարեց Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը՝ իր վստահորդին ՀՀ-ից ժամանակավորապես մեկնելու վերաբերյալ:

Պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց Արա Բաբլոյանին թույլ տալ լքել ՀՀ-ն որոշ ժամանակով:  Մեղադրող կողմն առարկություն չուներ միջնորդության վերաբերյալ: Դատավորն էլ նշեց, որ դատարանը, հաշվի առնելով Արա Բաբլոյանի անձը, նրա կապը Հայաստանի Հանրապետության հետ, զբաղեցրած պաշտոնը, պատշաճ վարքագիծը, որոշում է բավարարել միջնորդությունը.

«Դատարանը բավարարում է պաշտպանի միջնորդությունը և պարոն Բաբլոյանին թույլատրում է միջնորդությամբ նշված ժամանակահատվածում միջնորդությամբ նշված վայր մեկնել և վերադառնալ»,- ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար։