Վերաքննիչ բողոք է ներկայացվել ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու որոշման դեմ


ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի կալանքի միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Դատարանը, սակայն, բավարարել է Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։


Մալաքյաններին առաջադրված մեղադրանքի համաձայն` նրանք բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, կատարել խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին: