Սա վերջին համաճարակը չէ. ԱՀԿ ղեկավար

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրիեսոսն երկուշաբթի օրն ասաց, որ աշխարհը պետք է ավելի լավ պատրաստված լինի հաջորդ համաճարակին՝ կոչ անելով երկրներին ներդրումներ կատարել հանրային առողջապահության ոլորտում:

Ավելի քան 27,19 միլիոն մարդ վարակվել է աշխարհում նոր կորոնավիրուսով: Զոհերի թիվն անցել է 888 հազարը 2019 թ-ի դեկտեմբերից, երբ Չինաստանում հայտնաբերվել են առաջին դեպքերը:

«Սա վերջին համաճարակը չէ: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ բռնկումներն ու համաճարակները մեր կյանքի մասն են: Բայց հաջորդ համաճարակի ժամանակ, աշխարհը պետք է ավելի պատրաստ լինի, քան այսօր», - ասել է ԱՀԿ ղեկավարը ճեպազրույցի ընթացքում:

ԱՀԿ ղեկավարի օգնական Մարիանգելա Սիմաոն իր հերթին ասել է, որ ԱՀԿ-ն Չինաստանի հետ աշխատում է, որպեսզի COVID-19-ի դեմ չինական ցանկացած պատվաստանյութ համապատասխանի միջազգային պահանջներին: Sinovac Biotech ընկերության ղեկավարը կիրակի օրը հայտնել էր, որ չինական ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների մոտ 90% -ը պատվաստվել են փորձնական պատվաստանյութով, որը մշակվել է երկրի արտակարգ իրավիճակների ծրագրի շրջանակներում:

Իր հերթին ԱՀԿ խորհրդական Բրյուս Ալդվարդը տեղեկացրեց, որ ԱՀԿ-ը բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ պատվաստանյութի գլոբալ COVAX ծրագրին միանալու համար: ԱՀԿ-ը և GAVI պատվաստանյութերի դաշինքը համակարգում են COVAX ծրագիրը` նպատակ ունենալով օգնել ամբողջ աշխարհում պատվաստանյութի գնման և տարածման հարցում: Մի շարք երկրներ, որոնք ապահովել են իրենց սեփական մատակարարումները երկկողմ պայմանագրերի միջոցով, ներառյալ ԱՄՆ-ը, չեն ցանկացել միանալ COVAX- ին: