Մաֆիայի պարագլուխը կռվի ժամանակ կծել և կուլ է տվել բանտապահի մատը

Սիցիլիական մաֆիայի՝ ցմահ ազատազրկման դատապարտված պարագլուխը վեճի ժամանակ կծել և կուլ է տվել բանտապահի մատը, գրում է իտալական Il Messaggero թերթը։

60-ամյա Ջուզեպպե Ֆանարան, որը պատիժը կրում է Հռոմի բանտերից մեկում, հունիսին հարձակվել է իր բանտախցում ստուգումներ իրականացնող 7 բանտապահների վրա։

«Վիճաբանության ժամանակ նա կծել է բանտապահներից մեկի աջ ձեռքի ճկույթը»,- ասված է թերթի հոդվածում, որտեղ նշվում է, որ մատն անհետացել է և հետաքննությունից հետո պարզվել է, որ բանտարկյալը այն կուլ է տվել։

Նշվում է, որ սիցիլիական «Կոզա Նոստրա» մաֆիայի անդամ Ֆանարային դեպքից հետո տեղափոխել են Սարդինիայում գտնվող խիստ ռեժիմի բանտ և նոր մեղադրանքներ առաջադրել։