Արսեն Թորոսյանից պարզաբանում եմ պահանջել. Գյումրու դպրոցում կորոնավիրուսի դեպքե՞ր են հաստատվել


Ինչպես մամուլից հայտնի է, Գյումրու թիվ 29 դպրոցի 65 աշխատակից թեստավորվել են և 8-ի մոտ ստացվել է COVID 19-ի դրական պատասխան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:


«Աշխատակիցներից երեքն անմիջապես որոշել են կրկնակի թեստ հանձնել Գյումրի բժշկական կենտրոնում գործող մայրաքաղաքի լաբորատորիաներից մեկի մասնաճյուղում, ու մեկ օրվա տարբերությամբ կրկնաթեստի պատասխանները եղել են բացասական։ 


Սակայն աշխատակիցներին տեղեկացրել են, որ պարետատունը հիմք է ընդունում առաջին թեստի պատասխանը և նրանք ստիպված են ինքնամեկուսանալ:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պարզաբանում եմ պահանջել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գյումրիի թիվ 29 դպրոցում ուսուցիչների պարտադիր թեստավորման արդյունքում 8 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, իսկ ընդամենը մեկ օր անց, երբ մանկավարժներից 3-ը կրկնակի թեստավորում են անցել մեկ այլ բուժհաստատությունում, թեստի պատասխանը բացասական է եղել: Մանկավարժներին մեկուսացման ցուցում է տրվել: