Քանյե Ուեսթը միզել է ստացած «Գրեմմի» մրցանակի վրա | տեսանյութ

Ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու առաջադրված Քանյե Ուեսթը Twitter-ում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է միզում իր ստացած 21 «Գրեմմի» մրցանակներից մեկի վրա, գրում է Daily Mail-ը։

«Հավատացեք ինձ: Ես կանգ չեմ առնի», - տեսանյութին կից գրել է 43-ամյա Ուեսթը:

Ուեսթը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր երաժշտական ստեղծագործություններ չի թողարկի այնքան ժամանակ, մինչև չավարտվեն Sony-ի և Universal-ի հետ կնքած իր պայմանագրերը, այդպիսով իր բողոքն է արտահայտում ընկերությունների դեմ՝ փորձելով ստանալ իր երգերի հեղինակային իրավունքները։

Ուեսթը նաև հրապարակել է Universal-ի հետ դեռևս 2011-ին կնքած մասնավոր պայմանագրի հատվածները և գրել․ «Այնքան երախտապարտ եմ, որ Աստված ինձ ուժ է տվել իմ դիրքորոշումն արտահայտելու համար։ Բոլորդ շարունակեք աղոթել, օգնում է, այս առավոտ ես ծնկաչոք աղոթում էի»։

Այնուհետև նա դիմել է սևամորթ արվեստագետներին՝ երաժշտական արդյունաբերությունում փոփոխություններ իրականացնելու կոչով։