Ես երդվել եմ, որ երբեք Հայաստան ոտք չեմ դնի, այստեղ մարդիկ ստրուկի նման են. կրկին բողոքի ակցիա ՌԴ մեկնելու համար

Այս պահին կառավարության մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն ստեղծել, որպեսզի վերադառնան Ռուսաստան, որտեղից ամիսներ առաջ եկել են Հայաստան ու չեն կարողանում գնալ:

Քաղաքացիներից մեկն ասաց, որ իրեն թույլ են տալիս վերադառնալ Ռուսաստան, սակայն դստերը, ով ավարտել է Մոսկվայի դպրոցներից մեկը. «Խնդրում եմ բանակցություններ վարեն, թող ճանապարհը բացեն գնանք: Թող մենք գնանք, հետո փակեն: Իմ ընտանիքի անդմաներն այնտեղ են, միայն ես ու դուստրս ենք այստեղ: Տուն չունենք, ապրելու տեղ չունենք»:

Քաղաքացին նշեց, որ Ռուսաստանում ինքն աշխատանք ունի, իսկ այստեղ որևէ տեղ չեն ընդունում աշխատանքի. «Ասում են, որ իմ տարիքի մարդկանց համար աշխատանք չկա: Գնամ փողոց մաքրե՞մ, ես դիպլոմ ունեմ, իմ դիպլոմն այնտեղ է: Ես Ռուսաստանում աշխատում եմ: Հիմա կառավարությանը խնդրում ենք, որ գան ասեն, թե որ փուլում են գտնվում բանակցությունները»:

Տիկինը նշեց՝ եթե հաջողվի վերադառնալ Ռուսաստան, այլևս Հայաստան չի գալու:

Այլևս Հայաստան չի գալու նաև ակցիայի մասնակիցներից մեկ այլ կին, ով 25 տարվա մեջ առաջին անգամ է եկել հայրենիք. «Ես երդվել եմ, որ երբեք  Հայաստան ոտք չեմ դնի: Սա ապրելու ձև չէ, որ ապրում են: Այստեղ մարդիկ գոյատևում են, ստրուկի նման են, ոնց ասեն, պետք է այդպես էլ շարժվեն»: