Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող պաստառով ԼՀԿ պատգամավորներին թույլ չեն տվել մտնել ԱԺ նիստերի դահլիճ


Այսօր Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձում էին «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ տանել ԱԺ նիստերի դահլիճ:

Անի Սամսոնյանը նախ բանակցեց նիստերի դահլիճում գտնվող Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև դուրս եկավ, ում հետևեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:


Երբ ընդդիմադիր պատգամավորները փորձում էին պաստառը տանել դահլիճ, Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացավ պաստառի գրությանը, ապա հորդորեց անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ: Դրանից հետո պատգամավորները փորձեցին ներս մտնել, սակայն անվտագության աշխատողները հրեցին Գորգիսյանին, ինչից հետո դուրս եկավ Արարատ Միրզոյանը, որի միջամտությունից հետո թույլ տվեցին ներս մտնել պաստառով: