Դասասենյակներն ախտահանելու են հենց աշակերտները. ծնողներից ձեռնոց, ալկոգել, աղբաման են պահանջում


Երևանի դպրոցներից մեկում գումար են հավաքում աշակերտների ծնողներից դասասենյակներ համար աղբամաններ գնելու համար: Աղբամանները ձեռք են բերվում դիմակների համար: Այն դասարանները, որտեղ չփակվող աղբամաններ կան, ծնողներին ասել են, որ պետք է փակվող աղբամաններ գնել:

Analitik.am-ին հասած տեղեկություններով, բացի դրանից, ծնողներին ասել են, որ աշակերտները պետք է դիմակ դնեն ու գնան դպրոց, ևս մեկ դիմակ պետք է վերցնեն հետները: Հարկ է նշել, որ դիմակները պետք է փոխվեն երկու ժամը մեկ, հավանաբար հենց դրա համար են պահանջում երկրորդ դիմակը: Հարց է առաջանում, թե ինչ է լինելու, եթե աշակերտները դպրոցում մնան ավելի քան 4 ժամ:


Դպրոցի ղեկավարությունը հրահանգ է իջեցրել նաև ալկոգելների վերաբերյալ: Չնայած դասարաններում ալկոգել լինելու է, յուրաքանչյուր աշակերտ պետք է ունենա իրենը:

Բացի դրանից, աշակերտները նաև պետք է ձեռնոցների հարցը լուծեն: 

Ձեռնոցները անհրաժեշտ են դասերից հետո դասասենյակները ախտահանելու ժամանակ: Այսինքն, դասասենյակներն ախտահանելու են հենց աշակերտները: Սա, հավանաբար, վերաբերում է բարձր դասարաններին: