Մհեր Գրիգորյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների խնդրի լուծման մասին

Խնդիրն իրոք բարդ է և վերաբերում է ոչ միայն ՀՀ-ին: ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ գոյություն չունեն: Կա միայն ցամաքային ուղի՝ Բելառուս-ՌԴ, բայց դա էլ խնդիր է և այլ կարգավորման տիրույթում է: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների խնդրին:


«Մենք համարեցինք, որ ամենաարդյունավետ հարթակը միասնական լուծման գալու և խնդիրը կարգավորելու համար ԵԱՏՄ հարթակն է, որի լիազորությունների շրջանակից դուրս է մտնել առողջապահական ոլորտ, բայց, այնուամենայնիվ, միասնական կանոն սահմանելու, կանոնակարգելու և միասնական այդ կանոնն ունենալու համար ԵԱՏՄ-ն ունի բավարար գործիքակազմ: Այդ հարցն օրակարգային է, այն կքննարկվի նաև վաղը, և ես կարծում եմ՝ վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9-ին»,-ասաց նա:


Գրիգորյանի խոսքով՝ այս պահին ԵԱՏՄ-ում արդեն իրականացվում է հավելվածի նախագծում, որովհետև ի վերջո նախնական լուծումները կլինեն այնպիսին, որ որոշակի թեստերի փոխճանաչման գործընթաց պետք է իրականացվի: «Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում որևէ երկիր ազատ բացվի, և այդ իմաստով պետք է լինելու թվայնացված հավելված. աշխատանքներն ինտենսիվ իրականացվում են: Հույս ունենք՝ մոտ ժամանակներում որոշակի ձևաչափով արդեն կաշխատի»,-ասաց նա: