Իրանցի ըմբիշ Նավիդ Աֆքարին մահապատժի ենթարկվելուց առաջ տեղյակ չի եղել իր վճռից

Իրանցի ըմբիշ Նավիդ Աֆքարին մահապատժի է ենթարկվել առանց նախազգուշացման` ոչ իրեն, ոչ ընտանիքին, ոչ էլ փաստաբաններին: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya հեռուստաընկերության կայքը` հղում տալով այլ ԶԼՄ-ների:

Իրանը հայտարարել է, որ Աֆքարին մահապատժի է ենթարկվել շաբաթ` սեպտեմբերի 12-ին, չնայած միջազգային հանրության բողոքին և նրան խնայելու բազմաթիվ կոչերին:

Աֆքարիի և նրա եղբայրներից մեկի հեռախոսազրույցի ձայնագրությունը (զրույցը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ ըմբիշի մահվանից ժամեր առաջ), թույլ է տալիս ենթադրել, որ Աֆքարին տեղյակ չէր գալիք առավոտ իրեն սպասող մահապատժի մասին:

Iran International-ի հրապարակած ձայնագրության մեջ հույսով լցված Աֆքարին ասում է, որ իրեն և երկար տարիների ազատազրկման ենթարկված իր երկու եղբայրներին` Հաբիբին և Վահիդին, շաբաթ առավոտյան պատրաստվում են տեղափոխել մայրաքաղաք Թեհրանի բանտ: Սակայն շաբաթ առավոտյան Աֆքարիին մահապատժի են ենթարկել:

Աֆքարին եղբորը ասել է, որ ինքը «հանգիստ է» և որ «Աստված տա, ամեն ինչ լավ կլինի»:

Ձայնագրությունը բարկացրել է իրանցիներին, որոնց կարծիքով՝ երկրի իշխանությունները խաբել են Աֆքարիին և սուտ հույսեր են տվել: