Կրեմլում մեկնաբանել են Նավալնիի հնարավոր վերադարձը Ռուսաստան


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հնարավոր վերադարձը Ռուսաստան։

Газета պարբերականի փոխանցմամբ՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ցանկացած քաղաքացի կարող է հեռանալ երկրից և վերադառնալ։ Կրեմլի ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Օմսկի բժիշկները փրկել են Նավալնիի կյանքը, իսկ եթե Բեռլինի մասնագետները լրացուցիչ կբարելավեն նրա առողջությունը, ապա բոլորը միայն ուրախ կլինեն։

Պեսկովը նաև ափսոսանք է հայտնել, որ Կրեմլը չի կարող հետևել Նավալնիի վիճակի փոփոխություններին, քանի որ չի տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը։

Ավելի վաղ New York Times պարբերականը հաղորդել էր, որ քաղաքական գործիչը չի պատրաստվում մնալ Գերմանիայում և մտադիր է վերադառնալ Ռուսաստան և շարունակել իր գործունեությունը։

Իսկ Նավալնին Instagram-ում թունավորումից հետո առաջին անգամ հրապարակել էր կնոջ և երեխաների հետ լուսանկար և գրել, որ երեկ ամբողջ օրը կարողացել է ինքնուրույն, առանց միջամտության շնչել։ Ըստ Նավալնիի՝ դա զարմանալի, շատերի կողմից թերագնահատված գործընթաց է։