«Արայիկ հեռացիր»-ը կփոխարինվի՞ «Նիկոլ հեռացիր»-ով

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների ցանկն առաջիկայում կընդլայնվի, չի բացառվում, որ ընդդեմ նախարարի բողոքի ակցիաները «Արայիկ հեռացիր»-ից փոխվեն «Նիկոլ հեռացիր»-ի։ Տեւական ժամանակ է՝ «Կամք» հասարակական կազմակերպությունն է Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր կազմակերպում։ ՀՅԴ երիտթեւն է պայքարում, նրանց միացել են նաեւ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները:

Դաշնակցականները դժգոհում են Արայիկ Հարությունյանի վերջին օրենսդրական առաջարկից, որ բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները դառնում են կամավոր, ոչ թե պարտադիր:

Օրերս էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Կոտայքի կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ իր ելույթի առանցքում նախարարի նկատմամբ դժգոհություններն էր դրել։ «Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը, հայոց պատմությունը հանվի, «հայ» բառը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Մեր երեխաները պետք է կրթվեն, դաստիարակվեն հայ գրականությամբ, հայ կրթությամբ»,- ասել էր նա։

Տեղեկացանք նաեւ, որ չի բացառվում, որ սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանում ԼՀԿ-ն էլ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի։ Մինչ արձակուրդը ԼՀԿ-ն հարցադիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին՝ մատնանշելով այն հարցերը, որոնք մտահոգում են խմբակցությանը եւ առնչվում են կրթության բարեփոխումներին: Հարցապնդման պատասխանը քննարկելու են առաջիկայում»: