Ինչ-որ մեկը կհիմնավորի, թե ինչ դրդապաճառներից ելնելով են ուսման վարձերը շարունակ բարձրանում. Էնֆիաջյան


Այն ծրագիրը, որը ներկայացվեց որպես կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու 14-րդ միջոցառման ծրագիր, ըստ էության իր նպատակին չծառայեց: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով ուսանողների խնդրին։

Նա նկատեց, որ մասնագիտություն կա, որ մինչև 200 հազար դրամ բարձրացել է ուսման վարձը: «Ինչ-որ մեկը կհիմնավորի, թե ինչ դրդապաճառներից ելնելով են ուսման վարձերը ՀՀ-ում տասնամյակներ շարունակ բարձրանում»,-ասաց նա:


Պատգամավորը անդրադարձավ նաև կրթաթոշակներին և նշեց, որ անհրաժեշտ է, որ կրթաթոշակները ևս էվուլիացիա ապրեն: «1990 թվականի ուսման կրթաթոշակ է սահմանվել 5 հազար դրամ, ժողովուրդ, 21 տարի է անցել այդ ուսման վարձերը 20 անգամ վերանայվել է և բարձրացել է, կրթաթոշակը ինչ-որ մեկը չի ուզում վերանայի»,-ասաց նա և նշեց, որ երկրորդ անգամ է սրա վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն ներկայացրել:


Նա նաև նշեց, որ այսօրվա դրությամբ զեղչերի համակարգերը բացակայում են, բուհերը պարտադրում են, որ ուսման վարձերի վճարումները իրականացվեն: «Այսօրվա դրությամբ  5300 ուսանող արդեն դիմել է կառավարություն՝ իրենց անվճարունակ լինելու հանգամանքով պայմանավորված»,-ասաց նա և կոչ արեց իրատեսական ծրագրեր իրականացնել: