Նոր կարգավորումներ՝ շրջածախ առևտրի իրականացման ոլորտում


Երևանի ավագանու նիստում 31 կողմ, դեմ՝ 6 և 4 ձեռնպահ ձայներով հավանություն տրվեց նախագծին, որն առնչվում է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում՝ փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլն, շրջածախ առևտրին ներկայացվող պայմանների, ապրանքների տեսակների և թույլատրելի վայրերի սահմանմանը:


Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, նախագծի վերաբերյալ արտահայտելով իր դիրքորոշումը՝ ասաց, որ մինչ օրս նման կարգավորում չի եղել, և նախագծով կարգավորվում են տեղակայման վայրերը: Նա ընդգծեց, որ որոշումը ընդունվելուց հետո հնարավորություն կլինի առաջարկություններ ներկայացնել և փոփոխել այժմ այդ գործունեությունն իրականացնելու կարգավորումները: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից:


«Նախագծում հստակ նշված է, որ վաճառքը հավաստող փաստաթուղթ է տրամադրվում՝ փակագծերում նշված ՀԴՄ, հաշիվ և այլն: Այսինքն՝ մենք ՀԴՄ-ն չենք կարող դիտարկել որպես պարտադիր պայման և ՀԴՄ-ի ձեռքբերմամբ ծանրաբեռնել տնտեսվարողին: Ամենևին, մենք նման բեռ չենք դնում տնտեսվարողի վրա»,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետը: