2018-ից ի վեր ՀՀ և ԱՄՆ-ի միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ


Սոցիալական ցանցերում և որոշ լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր գործող կառավարությունը միակն է Հայաստանի պատմության մեջ, որը ոչ մի հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի գրասենյակի որևէ ներկայացուցչի հետ։


«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ուսումնասիրել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումները՝ սկսած 2018-ից։


2018-ի հոկտեմբերին Հայաստան է այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այցի ընթացքում Բոլթոնը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փոշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, քննարկվել էին երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր։


Բոլթոնի այցից 1 ամիս առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում արարողակարգային հանդիպում էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև։ 


Արդեն 2019 թվականի հունիսին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:


Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին։