ԿԲ նախագահը՝ վարկային արձակուրդի մասին


Բանկերն իրենց նախաձեռնությամբ համավարակի ժամանակ իրենց հաճախորդներին տրամադրել են վարկային արձակուրդ։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ ընդգծելով, որ բանկերը դա արել են սեփական նախաձեռնությամբ։

Ինչ վերաբերում է վարկային արձակուրդների հետ կապված խնդրի լուծմանն, ապա Գալստյանն ասել է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է վարկային արձակուրդ «Վարկային արձակուրդի դեպքում բանկը, շարունակելով կատարել իր ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները, որը բանկի բալանսի մի կողմն է, մյուս կողմի հետ համաձայնության է գալիս վճարումները հետաձգելու մասով։

Բնականոն գործունեության դեպքում վարկառուները կատարում են իրենց վճարումները, որից բանկը վճարում է իր ավանդատուների նկատմամբ ունեցած իր պարտավորությունները։

Բանկը, երբ տալիս է վարկային արձակուրդ, նշանակում է՝ պետք է ունենա հավելյան միջոցներ իր ավանդատուների նկատմամբ պարտավորությունները մարելու համար։

Հենց այստեղ է, որ ԿԲ-ն հայտարարել է՝ բանկերին տրամադրում է իրացվելիություն։ Սա նշանակում է, որ բանկը կարող է դիմել ԿԲ-ին և ստանալ իրացվելիություն, բայց այդ իրացվելիությունն ունի գին՝ այսինքն երբ վարկը չի մարվում, բանկին անհրաժեշտ են լինում ֆինանսական միջոցներ, ինքն այդ միջոցներն ինչ-որ կերպով հայթհայթում է, դրա դիմաց վճարում է որոշակի գին, բանկերի ծախսատարությունն այդ առումով գնում է վեր»։

Գալստյանը նշել է՝ երբ հարցը վերաբերում է նոր վարկային արձակուրդին, պետք է հասկանալ՝ կարո՞ղ են բանկերն անընդհատ կրել ծախսեր՝ չակնկալելով եկամուտներ՝ ընդգծելով, որ դա արկածախնդրության է նման, չեն կարող խաթարել կանոնակարգվածությունը։

Վերջինս նշել է, որ 1,3 տրիլիոն ՀՀ դրամի վարկային պարտավորություններ հետաձգվել են, բանկային համակարգ չի մտել մոտ 100 միլիարդ դրամ, որը պետք է մտներ «Եթե այս պրոցեսը լինի շարունակական, խնդիր կլինի, բանկային համակարգը չի կարող միայնակ դիմակայել»։

Բողոքողների մասով Գալստյանը հայտարարել է, որ բողոքողների մի մասը մարդիկ են, ովքեր վարկեր են վերցրել այլ պայմաններով, բայց հետո պարզվել է, որ փաստացի այլ պայմաններով է տրամադրել այն։

Գալստյանի խոսքերով, նման դեպքերում պետք է հարցը լուծել հենց ֆինանսական ինստիտուտի հետ, եթե չի ստացվում, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի հետ, եթե այդպես էլ չի ստացվում, կարող են դիմել ԿԲ-ին։ Սակայն, հիմնականում բողոքում են մարդիկ, ովքեր գիտակցված գնացել են բարձր տոկոսադրույքով վարկեր են վերցրել, հետո չեն կարողացել մարել, այդ դեպքում ԿԲ-ն որևէ գործառույթ չունի։