Վրաստանի սահմանը հատելու նոր կանոնները` կապված կորոնավիրուսի համավարակի հետ

Այս փուլում Վրաստանի պետական սահմանը բաց է ԵՄ անդամ 27 երկրներից միայն 5-ի համար (Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լատվիա և Լիտվա)՝ այն էլ պայմանով, որ այս երկրների քաղաքացիները, մուտք գործելով Վրաստան, պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված կորոնավիրուսային թեստի բացասական պատասխանը կամ թեստավորում անցնեն օդանավակայանում տեղակայված լաբորատորիայում (գործում է սեպտեմբերի 15-ից), գրում է «Грузия онлайн» պորտալը:


Վրաստանի արտաքին գործերի նախարարության համաձայն` վերը նշված հինգ երկրների քաղաքացիները /մշտական բնակության թույլտվություն ունեցող անձինք կկարողանան Վրաստան ժամանել բոլոր տեսակի այցերով միայն օդային ճանապարհով՝ միայն նշված հինգ երկրներից մեկնելու դեպքում: 


Նախքան վրացական սահմանը հատելը, նրանք պետք է լրացնեն հատուկ մշակված էլեկտրոնային անկետա, որն առկա է Վրաստանի կառավարության ստեղծած registration.gov.ge կայքում, որում նշվում են Վրաստան մուտք գործելուց առաջ վերջին 14 օրվա ընթացքում ճանապարհորդությունների պատմությունը, Վրաստանում այցի վայրը, կոնտակտային տվյալները և այլն:


Հատկանշական է, որ գործնական այցերը բոլոր երկրներից կկատարվեն առանց խոչընդոտների` կրկին անկետայի լրացման միջոցով:


Գործնական այցով Վրաստան ժամանողները պետք է տեղում կորոնավիրուսի թեստ հանձնեն` սեփական միջոցների հաշվին: Այս կանոնը չի վերաբերում ԵՄ անդամ 5 երկրների քաղաքացիներին կամ մշտական բնակության իրավունք ունեցող անձանց, քանի որ այդ երկրների հետ Վրաստանի սահմանը բաց է: