Տեխզննության կտրոնը, որը մեքենաները փակցնում են դիմապակուն՝ կդառնա էլեկտրոնային


ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հավանության արժանացավ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը:


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ ներկայացվող փոփոխությունները նպատակ են հետապնդում ապահովել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը: Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է այն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն:


Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահպանվելու է էլեկտրոնային շտեմարանում՝ հնարավորություն տալով ճանապարհային ոստիկանությանը՝ վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:


«Փոխվել է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Առաջարկվում է առաջին  տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման չորրորդ տարում: Մինչև թողարկման 10 տարին՝ երկու տարին մեկ անգամ, 10 տարուց բարձր՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ: Սահմանվել է վարչական պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու, առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելու համար՝ ընդհուպ լիցենզիայի գործողության դադարեցմամբ»,- ասաց Սիմոնյանը: