Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա սյանը․ կա տուժած

Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Շահումյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Գևորգ Դ․, ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա սյանը:


Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գևորգ Դ․-ին և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: