Ոստիկանությունն ինչքան տուգանում է, այդքան էլ դիմակ է բաժանում. Նիկոլ Փաշինյան

Մեր սիրելի հայրենակիցները, որ տուգանվում են, դիմակ կրո՞ւմ են, թե՞ չեն կրում: Դիմակ չեն կրում, տուգանվում են, չէ՞: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի այն հարցին, թե որքանով են տուգանքներն արդարացնում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները, քանի որ մարզերից նման հարցեր է լսել:


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դիմակ կրելու պահանջն այն միջոցն է, որով մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին: «Ասում եք՝ դիմակ չկրողներին մի տուգանեք, դուք այդ քաղաքացիներին երբևէ կոչ արե՞լ եք, որ դիմակ կրեն»,- ասաց վարչապետը և հավելեց, որ դիմակ կրելու համար այնպես են արել, որ բարդություններ չառաջանան, սակայն քաղաքացիները դրան էլ չեն հետևում:


«Տուգանքն արդյունավետ միջոց է, քանի որ սկզբում տեսանք ձեր ասած տրամաբանության շրջանակների արդյունքը և կորոնավիրուսի թվերն աճեցին, վերահսկողությունից դուրս եկան: Մենք չենք ասում՝ ձեզ տուգանում ենք, ասում ենք՝ խնդրում ենք, դիմակ դրեք և դրան տվել ենք իրավական ուժ: Հիմա մենք պետություն ենք, թե պետություն չենք»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանում դիմակ չկրելու ամեենացածր տուգանք է՝ համեմատած մնացած երկրների հետ:


Փաշինյանը նշեց, որ նա ավելի շատ է համայնքներ այցելում և գիտի, թե ինչ մոտեցումներ կան այնտեղ:


Պատգամավորը արձագանքեց, թե հիմնականում տուգանվում են այն մարդիկ, որոնք անապահով խավից են, իսկ Փաշինյանը շեշտեց՝ ոստիկանությունն ինչքան տուգանում է, այնքան էլ դիմակ է բաժանում:


«Այո, դիմակ կրելը էֆեկտիվ է և մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ հենց սկզբից ամենակոշտ և վարչական ուժային մեթոդներ չենք կիրառել»,- ընդգծեց Փաշինյանը: