Գյումրիում սպասվող ներդրումներն այդպես էլ խոստում մնացին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո Գյումրիում սպասվող աննախադեպ ներդրումներն այդպես էլ խոստում մնացին բացի 1-2 ժամանցի կենտրոնից, վերջին 2 տարում ոչինչ չի ստեղծվել:

Վերջին խոշոր ներդրումը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» հյուրանոցն էր եւ «Կումայրի» պատմական կենտրոնի ծրագրի շրջանակներում Ռուսթավելի ու հարակից փողոցների բարեկարգումը` նախշազարդ սալիկապատմամբ:

Կարապետյանների ընտանիքը խոստացած 500 հազար դոլարի փոխարեն մոտ երկու անգամ ավելի` շուրջ 1 մլն դոլարի ներդրում է արել, եւ ծրագիրն ավարտվել է: Միայն մի փողոց էր մնացել, որ պետք է Ռուսթավելու նման սալիկապատեին, դա էլ անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի այցից առաջ շտապ ասֆալտապատել են, որ վարչապետի այցի օրը ցուցադրելու եւ բացելու բան ունենան:

Դրանով, սակայն, խախտել են Գյումրու պատմական միջուկի` Կարապետյանների նախատեսած սալիկապատման գաղափարը»: