Էրդողանի կողմնակիցները կողմ են մահապատժի վերականգնմանը


Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցության դրական դիրքորոշումն է հայտնել մահապատժի կիրառումը երկրի դատաիրավական համակարգում վերականգնելու մասին՝ գրում է Ermenihaber-ը:


Էրդողանի մտերիմ դաշնակիցը նշել է, որ այդ պատիժը պետք է կիրառվի բռնաբարություն կատարած ու մանկասպան հանցագործների նկատմամբ: Բահչելիի խոսքով՝ իր կուսակցությունը մահապատժի ջատագով չէ, սակայն նշված հանցագործությունների դեմ պայքարում այլընտրանք չկա:


Հիշեցնենք, որ Թուրքիայում 2004 թվականից օրենքով արգելված, իսկ դրանից մի քանի տարի առաջ արդեն իսկ չկիրառվող մահապատժի վերականգնման  մասին խոսակցությունները ակտիվացան 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Այն ժամանակ առաջարկվում էր վերականգնել մահապատիժը երկրում նոր ռազմական հեղաշրջումներ կամ դրա փորձերը կանխարգելելու նպատակով: Նախագահ Էրդողանն էլ իր ելույթներում բազմիցս նշել է, որ մահապատիժը կարող են վերականգնել, եթե դա ցանկանա ժողովուրդը: