Հայտնի է Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու իրական պատճառը. գլխավոր «մեղավորը» Ալեքսանյանն է

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանի` մանդատից հրաժարվելու փաստը տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց, պատճառները, ըստ մեր աղբյուրների, ավելին են, քան ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության հետ «սկզբունքային անհամաձայնությունները», ինչպես բացատրեց պատգամավորը։ 

Ասում են՝ պատգամավոր դառնալուց հետո Ջուլֆալակյանը հետեւողականորեն պայքարում էր գործադիրում հայտնվելու համար՝ եթե ոչ ոլորտի ղեկավարի, ապա գոնե սպորտի ոլորտը համակարգող փոխնախարարի պաշտոնի ուղղությամբ։ Երբ բանակցություններն արդյունք չեն տվել, նա որոշել է Արայիկ Հարությունյանի ոչ կոմպետենտության մասին հրապարակային խոսել։ Հենց այդ փուլում էլ նա հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում»՝ որպես անհնազանդ։ 

Մեզ պատմեցին, որ մարզիկ-պատգամավորը թիմից խոր հիասթափություն է ապրել, երբ իրեն պարտադրել են կողմ քվեարկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին, անգամ պարտադրել են, որպես ապացույց, նկարել քվեարկած թերթիկը։ Որքան էլ փորձել է համոզել, որ Ծառուկյանը շատ «ամագ» ունի իր վրա, եւ ինքը կարող է, ասենք, հիվանդանալ ու չգալ քվեարկության, սակայն թիմում անդրդվելի են մնացել՝ բոլորը մեկ մարդու նման պետք է կողմ քվեարկեն։ Ջուլֆալակյանն էլ հնազանդվել է հրահանգին՝ հույս ունենալով, որ գոնե դրանից հետո կգնահատեն իր անմնացորդ նվիրումը, բայց համբերության բաժակն օրերս լցվել է, երբ իմացել է, որ իր թիմը ցանկանում է Գյումրու քաղաքապետ դարձնել մեկ այլ գյումրեցի ըմբշամարտիկի՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ»)։ 

Ջուլֆալակյանը փորձել է իշխանական վերնախավի հետ պարզել փոխհարաբերությունները՝ այդ ինչպես է ստացվում, որ ինքն իշխանության մեջ է, բայց ուրիշներին ավելի շատ են գնահատում, իսկ ինքը միայն տուժում է իշխանության կողքին լինելուց։ 

Հիշեցնենք, որ ըմբշամարտի մարզական խորհուրդը օլիմպիադային մասնակցության ուղեգիր չտվեց Ջուլֆալակյանին, ի տարբերություն Արթուր Ալեքսանյանի։ Հիմա էլ իշխանությունը ոչ թե իրեն է տեսնում Գյումրու քաղաքապետ, այլ՝ Ալեքսանյանին։ Ջուլֆալակյանը փորձել է իր քաղաքական թիմի միջոցով վերականգնել դիրքերը, տեղ գտնել ըմբշամարտի ընտրանու կազմում, բայց դա էլ է ապարդյուն անցել. կառավարությունում հրաժարվել են նրան ընդառաջել, ինչին հետեւել է մանդատից հրաժարվելու հայտարարությունը։ 

Ի դեպ, թիմում ոմանք Ջուլֆալակյանի հայտարարությունն ընկալել են որպես մեղքերի քավություն-աջակցություն Ծառուկյանին, ով այս օրերին եւս Արայիկ Հարությունյանի հրաժարականն է պահանջում»- գրում է թերթը։