«Մի կաթիլը կարող է սպանել». շվեդ փորձագետները համոզված են, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ»-ով

Շվեդիայի պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի (FOI) ներկայացուցիչ Օսա Սկոտտը Der Spiegel-ի հետ զրույցում հայտարարել է, որ քիմիական զենքի գծով շվեդ փորձագետները համոզված են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» տեսակի նյութով:

«Կարող ենք միանշանակ հաստատել, որ պարոն Նավալնիի նմուշը պարունակում էր «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ թույն»,-հայտարարել է Սկոտտը:

«Գերմանիան Նավալնիի արյան անալիզը Շվեդիայի հյուսիսային Ումեո քաղաքում գտնվող հաստատությանն է փոխանցել այն բանից հետո, երբ Բունդեսվերի լաբորատորիան քաղաքական գործչի օրգանիզմում թույն էր հայտնաբերել: Դաշնային կառավարության տվյալների համաձայն՝ ուսումնասիրության արդյունքը հաստատել է նաև ֆրանսիական ինստիտուտներից մեկը»,-ասված է հոդվածում:

««Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութերը ծայրահեղ թունավոր են, մի կաթիլը կարող է սպանել»,-ասել է Սկոտտը,  որը քիմիական, կենսաբանական և ռադիոակտիվ նյութերի ուսումնասիրությամբ է զբաղվում FOI-ում: