Հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար կտրամադրվեն հակավիրուսային դեղեր

Հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» (Sofosbuvir/Daclatasvir) դեղերով բուժման կազմակերպման կարգը, որի շրջանակներում պացիենտներին անվճար կտրամադրվեն ուղղակի ազդող հակավիրուսային դեղերը:

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։

Հաստատված կարգի համաձայն` «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր»  դեղերով բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է 18 տարեկանից բարձր հեպատիտ Ց ախտորոշմամբ (որակական ՊՇՌ մեթոդով) պացիենտներին և լյարդի ֆիբրոզ  0–4 (Child-Pugh A, MELD <20) ունեցող պացիենտներին`  հետևյալ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա.

1.   հեպատիտ Ց վիրուսի հայտնաբերում (դրական) որակական պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով,

2.   հեպատիտ Ց վիրուսի գենոտիպավորում (գենոտիպի որոշում),

3.   ֆիբրոզի աստիճանի որոշում՝ լյարդի էլաստոգրաֆիա (ֆիբրոսկան) և/կամ APRI և/կամ FIB-4, ընդ որում, 3-րդ և 4-րդ աստիճանի ֆիբրոզի դեպքում որոշվում է նաև AFP,

4.   արյան ընդհանուր հետազոտություն լեյկոբանաձևով, կենսաքիմիական հետազոտություն (բիլիռուբին ընդհանուր/կապված, ԱԼՏ, ԱՍՏ, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, պրոտրոմբինային ժամանակ/ինդեքս/INR),

5.   HBsAg կամ հակա-HBc,

6.   որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:

Նշված դեղերը չեն տրամադրվում, եթե պացիենտի մոտ առկա է.

1.   դեկոմպենսացված լյարդի ցիռոզ (Child-Pugh B կամ C, MELD >=20),

2.   հեպատոցելյուլյար կարցինոմա,

3.   HBV-համավարակ HBsAg դրական, սակայն HBV-համավարակի դեպքում «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր»-ով բուժումը հնարավոր է իրականացնել HBV-ի տենոֆովիրով հակավիրուսային բուժման մեկնարկից հետո,

4.   eGFR<30-ից երիկամային խնդիրներ,

5.   հղիություն և կրծքով կերակրում,

6.   նախկինում HCVNS5A ընկճողներով հակավիրուսային բուժում ստացած պացիենտներին:

Ծրագրի շրջանակներում «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» դեղերն առաջնահերթ տրվում են.

1.   4-րդ, 3-րդ աստիճանի ֆիբրոզ ունեցող պացիենտներին,

2.   արտալյարդային դրսևորումներով` վասկուլիտ, դիաբետ, դեպրեսիա, քրոնիկական երիկամային հիվանդություն eGFR>30-ից, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ, պոլիարթրիտներ և այլն, պացիենտներին,

3.   ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հեմոֆիլիա, լյարդի ճարպային հիվանդություն, ճարպակալում, սրտանոթային հիվանդություն, ունեցող պացիենտներին:

Նշված չափանիշներին համապատասխանող պացիենտներին բժշկի կողմից տրվում է օրենքով սահմանված կարգով դեղատոմս, որի հիման վրա վերջինս «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից» (տեղակայման հասցե` Աճառյան փողոց, շենք 2) ստանում է անհրաժեշտ դեղերը: Նշենք, որ յուրաքանչյուր պացիենտի տրամադրվելու է ամսական 1 տուփ` ըստ բուժման կուրսի: