Ամուլսարը պետք է շահագործվի, եթե պարզվի, որ անկառավարելի ռիսկեր հանքի շահագործման հետ կապված չկան․ Աղաջանյան

 

Կառավարության դիրքորոշումը շատ հստակ է հանքի շահագործման համատեքստում, իսկ դիրքորոշումը պարոն վարչապետի կողմից տարբեր անգամներ հնչեցվել է, այն է, որ հանքը պետք է շահագործվի, եթե պարզվի, որ անկառավարելի ռիսկեր հանքի շահագործման հետ կապված չկան, և հանքը չի կարող շահագործվել, եթե կպարզվի, որ հանքի շահագործումը ենթադրում է անկառավարելի բնապահպանական ռիսկեր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։


Աղաջանյանը միաժամանակ հայտնեց, որ պնդումները, թե կառավարությունը այս հարցի առնչությամբ հաշվի չի առնում բնապահպանների կարծիքները և որևէ կերպ չի հաղորդակցվում նրանց հետ առնվազն իրականությանը չեն համապատասխանում:

«Ասեմ ավելին, անձամբ իմ միջնորդությամբ ուղիղ կապ է հաստատվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի և տվյալ կազմակերպությունների միջև և առաջարկվել է հիմնավոր փաստարկների առկայության պարագայում քրեական գործի շրջանակներում ամբողջական ինֆորմացիան փոխանցել պարոն Արսեն Այվազյանին»,- ասել է Աղաջանյանը: