Հայաստանը Եվրոպա է, Ռուսաստանը մեր դաշնակիցն է․ Զոհրաբ Մնացականյան


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը, որում անդրադարձել է Ռուսաստանի ու Եվրոպական Միության, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի հիման վրա պատրաստված հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։

««Հայաստանը Եվրոպա է, միևույն ժամանակ Ռուսաստանը մեր դաշնակիցն է»,- EFE-ին վստահեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով խոստովանում է, որ այդ հավասարակշռությունը շատ բարդ է ցանկացած երկրի համար, սակայն այն կենսական է Հայաստանի՝ Ադրբեջանին դիմակայող և Թուրքիայի հետ թշնամություն ունեցող երկրի անվտանգությունն ապահովելու համար:


«Ասում են, որ մենք միաժամանակ երկու նժույգ ենք վարում: Ոչ: Մենք վարում ենք մեկ նժույգ՝ Հայաստանի նժույգը»,- վստահեցնում է նախարարը տեսակոնֆերանսի միջոցով տրված հարցազրույցի ընթացքում:


Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առանցքն է՝ չկառուցել մի գործընկերոջ հետ հարաբերությունները մյուսի հաշվին, որովհետև այդ «անպատասխանատու» գործունեությունը միայն կավելացնի «անկայունությունը» տարածաշրջանում:


«Մենք շատ կարևոր, դաշնակցային, բազմաթիվ ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,- նշեց նա և հիշատակեց անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը ռազմաբազա ունի կովկասյան այս երկրի տարածքում:


Նախարար Մնացականյանը նաև շեշտեց, որ Երևանն ունի յուրահատուկ հարաբերություններ ԵՄ անդամ մի շարք երկրների հետ՝ Ֆրանսիայից մինչև Հունաստան, իսկ Բրյուսելը նպաստում է ժողովրդավարական արժեքների և իրավական պետության զարգացմանը մի երկրում, որտեղ 2018թ. տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն:


«Եվրոպական միությունը չափազանց կարևոր գործընկեր է, որի հետ համագործակցությունը ներառում է առևտրատնտեսական, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտները»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարը:


Զոհրաբ Մնացականյանը պնդում է, որ «Հայաստանը Եվրոպայի մաս է» կամ ավելի առանձնահատուկ կերպով ասած՝ «Եվրոպայի արևելյան ճակատը»:

«Ոմանք դա ընկալում են որպես հակասություն: Իհարկե, դա շատ դժվար հավասարակշռություն է: Ինչպե՞ս գտնել այդ հավասարակշռությունը: Սակայն դա մի բան է, որը բխում է Հայաստանի շահերից»,- վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը: 


Մնացականյանը չի ընդունում համեմատություններ 2018թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած հեղափոխության և մեկ այլ հետխորհրդային երկրում՝ Բելառուսում տեղի ունեցող բազմամարդ հակակառավարական ցույցերի միջև, բայց զուգահեռությունն անխուսափելի է:


Բելառուսի մասին հարցին պատասխանելիս նա կարծիք է հայտնում, որ Հայաստանի հեղափոխությունից դասը, որ կարելի է քաղել, այն է, որ «դա մի գործընթաց էր, որ վերաբերում էր  բացառապես հայերին և ուրիշ ոչ ոքի»:


«Լավագույն դասն այն է, որ մենք մերժում ենք աշխարհաքաղաքականությունը Հայաստանում: Այն, ինչի հասել ենք, բացառապես մերն է, և բավարարված ենք դրանով»,- ընդգծեց նա:


Եվ բանն այն է, որ Երևանի հիմնական  դաշնակից Մոսկվան չմիջամտեց Հայաստանի ցույցերին, որդեգրեց չմիջամտելու քաղաքականություն, ինչը սկզբում շփոթմունքի մեջ գցեց վերլուծաբաններին:


«Հուսով ենք, որ Բելառուսում լուծում կգտնվի: Սակայն առանցքայինն այն է, որ այդ լուծումը բելառուսական հասարակության, Բելառուսի քաղաքացիների ձեռքում է»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:


Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Բելառուսն ունեն «շատ լավ հարաբերություններ» ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: