Համապատասխան գործողություններ են իրականացվելու. Դավիթ Տոնոյանը խոսեց այսօրվա զոհի մասին

Հաշվի առնելով իրավիճակը և հուլիսյան դեպքերից հետո մեզ համար շատ ցավալի կորուստը, կխնդրեի բոլոր պատագամավորներին ու կառավարության անդամներին մեկ րոպե լռությամբ հարգել մեր զինծառայողի հիշատակը: Խորհրդարանում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով այսօրվա զոհի մասին։

Տոնոյանը նշեց, որ ադրբեջանական կողմն ամրաշինական աշխատանքներ է կատարում՝ նպատակ ունենալով չեզոքացնել մեր դիրքերի գերակայությունն ու առավելությունը, դրա համար օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք. «Այս իրավիճակն արդեն մոտ երկու շաբաթ է: Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Երեկ ադրբեջանական կողմը, ունենալով վիրավոր, ահազանգեցին խնդրի վերաբերյալ: Այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, հատուկ ներկայացուցիչը ևս տեղեկացված է: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չեն այս իրավիճակի զարգացումների նվազեցման որևիցե մեխանիզմ:

Այսօր ցավոք զոհ ունենք: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն իր մտահոգությունն է հայտնել, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, քանի որ համապատասխան գործողություններ են իրականացվելու»,-ասաց նախարարը: