Լիտվան Տիխանովսկայային ճանաչել է որպես Բելառուսի օրինական նախագահ

Լիտվայի Սեյմը Սվետլանա Տիխանովսկայային ճանաչել է որպես Բելառուսի օրինական նախագահ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին:

Պատգամավորները միջազգային հանրությանը կոչ են արել աջակցել Տիխանովսկայային և Համակարգող խորհրդին: Նրանք նաև առաջարկել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից որևէ համաձայնագիր կնքելը դիտարկել որպես երկրի անեքսիա։

Լիտվայի Սեյմի պատգամավորներն ավելի վաղ առաջարկել են Սվետլանա Տիխանովսկայային ճանաչել որպես Բելառուսի միակ ընտրված ու օրինական նախագահ:

Բացի այդ, Սեյմում կարծիք են հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև նոր համաձայնագրերի ստորագրումը սահմանափակում է բելառուս ժողովրդի ինքնիշխանությունը: Նրանք պահանջել են, որ Ռուսաստանը չխառնվի Բելառուսի ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև չաջակցի Լուկաշենկոյի գործողություններին: