«Հայրենիք» կուսակցությունն անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին. Արսեն Բաբայան


«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 1in.am-ում հրապարակված լուրին առ այն, թե իբր «Հայրենիք» կուսակցությունը չի ցանկանում միանալ ԲՀԿ-ի հանրահավաքին ինչ-ինչ անհեթեթ պատճառաբանություններով։ Նա մասնավորապես նշել է, որ «Հայրենիք»-ն անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին, ավելին՝ պատրաստ է իր մասնակցությունը բերել նաև հարթակում: 


«Սարսափահարությունները ռեժիմում չեն դադարում

Օրերս մի առիթով նշել էի, որ ռեժիմում խուճապ է, և փաշինյանական խունտան իրեն կոտորում է՝ մարդկանց համոզելու, թե իբր երեք կուսակցություններում աշխատանքն արդյունավետ չէ։


ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի համատեղ աշխատանքի ամրությունն, իհարկե, փաստվում է ամեն օր՝ մեր նոր ու հանուն ժողովրդի նախաձեռնություններով։ Մեր ցանկացած նոր նախաձեռնություն լրացուցիչ անգամ հաստատում է, որ իշխանությունը ոչինչ չի անում հանուն այն ժողովրդի, որն իրեն իշխանության է բերել։


Իշխանությունների գրպանում տեղավորված մի երեսփոխան կա, որն առանձնահատուկ ոգևորությամբ սեփական դեղին մամուլում պարբերաբար բարբաջում է, թե եռյակում կան խնդիրներ։ Այսօր էլ գրել է, թե իբր «Հայրենիք»-ի իր աղբյուրը հայտնել է, որ մեր կուսակցությունը չի ցանկանում միանալ ԲՀԿ-ի հանրահավաքին ինչ-ինչ անհեթեթ պատճառաբանություններով։

Մենք բազմիցս հայտնել ենք, որ «Հայրենիք»-ն անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին, ավելին՝ պատրաստ է իր մասնակցությունը բերել նաև հարթակում։


Եվ ուրեմն՝ զուր են երեսփոխանի խելակորույս ջանքերը...

Ինչ վերաբերում է «Հայրենիք»-ում «աղբյուր» ունենալուն, ապա դա նույնքան սուտ է, որքան սուտ կլինի պնդումը, թե Արման Բաբաջանյանը դասալիք չէ»,-գրել է նա։