Դպրոցի տնօրենը խոստանում է զբաղվել ահազանգով, որ դպրոցում գումար են հավաքում աշակերտների թեստավորման համար


Ինչպես արդեն հայտնել ենքAnalitik.am-ն ահազանգ է ստացել Երևանի դպրոցներից մեկի ծնողներից, որ դպրոցում 12-հազարական դրամ են հավաքում ամեն աշակերտի համար, որպեսզի աշակերտները կորոնավիրուսից թեստ հանձնեն:

Խոսքը վերաբերում է մասնավորապես համար 135 դպրոցին:

Analitik.am հետ զրույցում դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանն ասել է, որ առաջին անգամ է լսում այդ մասին: Պարոն Ներսիսյանը նշել է, որ ինքը ընդհանրապես դեմ է գումար հավաքելուն:

Նա չի բացառել, որ ինչ-որ մեկը կարող է ինքնագործունեությամբ զբաղվել, ինչը սակայն քիչ հավանական է, իսկ հավելյալ ինֆորմացիայի դեպքում իրենք կարող են ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկել:

«Հաստատ նման բան չկա, եթե դուք ինձ ասեք, թե ով է նման բան ասել, կճշտենք: Նման բան չի կարող լինել»,-հավելել է դպրոցի տնօրենը:

Պարոն Ներսիսյանը նաև չի բացառել, որ մեզ ահազանգողը կարող է այլ դպրոցի ծնող է եղել:

Ամեն դեպքում Ներսիսյանը նշել է, որ կզբաղվեն հարցով. «Բայց չի կարող նման բան լինել, ես նույնիսկ ծաղիկ թույլ չեմ տալիս»: