Ոստիկանությունը բարձրացնում է «գոլդ» համարանիշների գները

 

ՀՀ ոստիկանությունը վերանայում է որոշ ծառայությունների դիմաց սահմանված գները։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծից, սակայն, պարզ է դառնում, որ ի թիվս այլ ծառայություների, վերանայվել են նաև ավտոմեքենաների «գոլդ» ու «ցանկալի» համարանիշների գները։ Դրանք այսուհետ ըստ իրենց «գոլդ» լինելու աստիճանի` կարժենան 60 000–ից մինչև 8 մլն դրամ։ Կլինեն նաև 100, 150, 250, 400, 500, 600 հազար դրամանոց, ինչպես նաև 1, 1.5, 2, 3 և 5 մլն դրամանոց պետհամարանիշներ։

Համեմատության համար նշենք, որ այժմ գործող գները սահմանվել են 2012թին։ Այդ որոշմամբ սահմանված ամենացածր գինը 60 000 դրամ է, իսկ ամենաբարձրը` 5 մլն։ Գնային բազմազանությունն էլ ավելի փոքր է` 120, 240, 600 հազար և 1.2 մլն դրամ։


Իսկ իրենց նախընտրած, կամ այսպես կոչված «ցանկալի» համարանիշների համար սահմանված վճարը չի փոխվի։ Քաղաքացները դրա համար կշարունակեն վճարել 36 000 դրամ: