Աշոտ Հովսեփյանը սպիրտին խառնել է միայն թորած ջուր. նա այս պահին շոկային վիճակում է. փաստաբան

Արմավիրում եւ Երեւանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլից սուր թունավորման ախտանիշներով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ են մահացել։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդադրության՝ օղիների արտադրությամբ եւ վաճառքով զբաղվել է արմավիրցի 50-ամյա Աշոտ Հովսեփյանը։

Նշենք, որ Հովսեփյանը ձերբակալված է։

NEWS.am-ի հետ զրույցում Հովսեփյանի փաստաբան Գոռ Գեւորգյանն ասել է, որ Հովսեփյանն այս քրեական գործով ունի կասկածյալի կարգավիճակ. կասկածանքն էլ չի ընդունում։ 

«Ոչ թե 11 անձ է մահացել ալկոհոլի թունավորումից, այլ 9։ Կասկածանքի շուրջ է ձերբակալված. նրան մեղադրանք չի առաջադրվել։ Կասկածվում է ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը): Ինչպես ես այնպես էլ այն անձինք, որոնք ճանաչում են Աշոտ Հովսեփյանին, վստահ եմ, որ նրա արարքում անփութությամբ չէր կարող լինել այսպիսի իրավիճակ»,- ասաց Գեւորգյանը։

Փաստաբանի խոսքով՝ Հովսեփյանն օղիներ արտադրելիս պահել է անվտանգության կանոնները. «Նա սպիրտին խառնել է միայն թորած ջուր։ Նա շոկային վիճակում է։ Առողջական շատ լուրջ խնդիրներ ունի։ Կասկածանքն իր նկատմամբ անընդունելի է»։