Ռուսաստանը՝ Նավալնիին՝ «Նովիչոկով» թունավորման մասին

Ռուսաստանը Գերմանիայի իշխանություններին Ալեքսեյ Նավալնիի գործով լիակատար համագործակցության ու տեղեկության փոխանակման կոչ է անում՝ գրում է РИА Новости-ն:


Մեկնաբանելով Գերմանիայի իշխանությունների հայտարարությունը, որ Նավալնիին «Նովիչոկով» են թունավորել, ՌԴ արտգործնախարարությունը հիշեցրել է, որ դեռևս անպատասխան է մնացել Նավալնիի թունավորման վերաբերյալ գերմանացի բժիշկների նախնական եզրակացությունը բացատրելու նպատակով ռուս բժիշկների ուղարկած նամակը:


«Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը Գերմանիայի արդարադատության նախարարությանն ու բուժաշխատողներին արգելում է շփվել ռուս գործընկերների հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:


Նավալնիի՝ «Նովիչոկով» թունավորման մասին Գերմանիայի հայտարարությունից հետո ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն ու արևմտյան մի շարք երկրներ բացատրություն են պահանջել Մոսկվայից:


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ Ռուսաստանի ընդդիմության առաջատար գործիչներից մեկին թունավորելու միջոցով մահափորձը շոկային տեղեկություն էր, ինչը նշանակում է, որ Նավալնին հանցագործության զոհ է: