Վրաստանը չի պատրաստվում բացել սահմանները նոր երկրների համար. Տիկարաձե

Վրաստանը դեռևս չի պատրաստվում ընդլայնել երկրների ցանկը, որոնց հետ կվերականգնվի կանոնավոր ավիահաղորդակցությունը: Новости-Грузия-ի փոխանցմամբ այս մասին այսօր հայտարարել է երկրի առողջապահության նախարար Եկատերին Տիկարաձեն:


Նախարարը պատասխանել է լրագրողների հարցին, որը նրանք տվել են նոր որոշման ֆոնին, որի համաձայն՝ երկիր մուտք գործող բոլոր անձինք պետք է ՊՇՌ-թեստի պատասխան ունենան:

Տիկարաձեն հայտնել է, որ այդ հարցն օրակարգում դրված չէ, ինչը վերջինս մեկնաբանել է այն հանգամանքով, որ մյուս երկրներում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը վատթարացել է:


Ներկա պահին Վրաստան կարող են ազատ մուտք գործել հինգ երկրի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիներ: Շաբաթական երկու անգամ այդ երկրների կանոնավոր չվերթներ են տեղի ունենում Թբիլիսիի օդանավակայանից: Այդ երկրների քաղաքացիներն ու մշտական բնակիչները կարող են Վրաստանում գտնվել առանց կարանտին անցնելու:  Մինչդեռ միևնույն չվերթով հայրենիք ժամանած վրացիները պարտավոր են կարանտին անցնել:


Պարտադիր կարանտինի ժամանակահատվածը ևս կրճատվել է՝ 14 օրից դառնալով 8 օր: Սեպտեմբերի 15-ից Վրաստան ժամանող արտասահմանցիներից կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի արդյունք են պահանջելու, որն արվել է վերջին 72 ժամում: Դա վերաբերում է նաև վերոնշյալ հինգ երկրից ժամանողներին:


Նշվում է նաև, որ կարանտին կարող են չանցնել միայն այն  քաղաքացիներն ու արտասահմանցիները, որոնք ընդգրկված են պաշտոնական պատվիրակությունների կազմում և աշխատանքային այց են կատարում: Միևնույն ժամանակ, նրանք պարտավորվում են յուրաքանչյուր 72 ժամը մեկ ՊՇՌ-թեստ հանձնել: