Երեք ոստիկան կազատվի աշխատանքից, երեքին կհայտարարվի խիստ նկատողություն

Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Մասնակցել են ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետն ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։

Նիստի օրակարգում ոստիկանության 7 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն է եղել։

Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», ևս 3 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» և 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը։