Երեխայի ծնվելուց հետո հայրերը նույնպես արձակուրդի իրավունք կունենան


Ազգային ժողովի պատգամավորները առաջարկում են փոփոխություններ և լրացումներ կատարել աշխատանքային օրենսգրքում։

Նախատեսվում է սահմանել, որ աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ կարգելվի հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո երեխայի մեկ տարին լրանալը։ Նախկինում 1 տարվա փոխարեն 1 ամիս էր տրված։

Սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար նախագիծը ներկայացրեց Ծովինար Վարդանյանը։

Նախատեսվում է նաև սահմանել, որ երեխայի ծնվելուց հետո հայրերը նույնպես արձակուրդի իրավունք կունենան։

Այն հնարավորություն կտա նորածնի հորը՝ երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչև 5 աշխատանքային օր տեւողությամբ: Համաձայն վերոգրյալի, նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելել հայրության բերկրանքն ու հոգ տանել իր երեխայի և նոր ծննդաբերած կնոջ մասին: Նմանօրինակ օրենսդրական կարգավորումները ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ, որոնց թվին են դասվում Ֆրանսիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի Հանրապետությունները եւ Իսպանիայի Թագավորությունը:

Հեղինակները նշել են, որ օրենքի նախագծի ընդունման առաջնային նպատակը Սահմանադրության 16-րդ հոդվածը իրավակիրառ պրակտիկայում կյանքի կոչելն է, ըստ որի՝ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են:

Հանձնաժողովում նախագիծը հավանության արժանացավ, այն կքննարկվի լիագումար նիստում։ Այն ուժի մեջ կմտնի միայն ընդունվելուց և օրենքը Հանրապետության նախագահի կողմից ստորագրելուց հետո։