Երկու հոգու դանակահարություն․ ժամեր անց կասկածյալին գտել են


Սեպտեմբերի 7-ին, ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» եւ «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզեցին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են Ավան վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ըստ բժշկի՝ նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ին, Ավանի 14-րդ փողոցի խաղահրապարակում, վիճաբանության ժամանակ, տուժածներին դանակով խփել եւ վնասվածքները պատճառել է Ավանի 26-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 8-ին, ժամը 00.10-ին, նա ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: