«Նավալնիին Պուտինն է թունավորել»․ Նավալնիի մամուլի խոսնակ


Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամուլի խոսնակը՝ Կիրա Յարմիշը, հայտարարել է, որ ինքը վստահ է՝ օգոստոսի 20-ին ընդդիմության առաջնորդին թունավորել են Վլադիմիր Պուտինի հրահանգով։ Այս մասին Կիրա Յարմիշը հայտնել է գերմանական կառավարության եզրակացությունների հրապարակումից հետո, որից հետևում է, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» կոչվող թույնով։ 

«Համոզված եմ, որ դրանում ներգրավված են Ռուսաստանի իշխանությունները: Համոզված եմ, որ Պուտինի մակարդակից ցածր ոչ ոք չէր կարող նման հրաման տալ, մանավանդ որ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է այն թույնը, որով թունավորվել է Ալեքսեյը։ Դա «Նովիչոկ» է: 

Ակնհայտ է, որ այն միայն Ռուսաստանի հատուկ ծառայություններն ունեն իրենց տրամադրության տակ: Ուստի, իհարկե, ես համոզված եմ, որ Ալեքսեյին թունավորելու որոշում կայացրել են հենց Պուտինն ու Կրեմլը», - ասել է Նավալնիի մամուլի խոսնակը: 

«Ռուսաստանի իշխանությունները որևէ հետաքննություն չեն սկսում: Ակնհայտ է, որ սա նրանց հիմնական ռազմավարությունն է: Ինչպես վերջերս Լավրովն ասաց՝ «Հետաքննություն սկսելու համար նախ անհրաժեշտ է պարզել կատարվածը»: Այսինքն՝ հետաքննություն անցկացնելու համար պետք է նախ մեկ այլ հետաքննություն անցկացնել։ Նրանք հստակ կշարունակեն ձևացնել, թե թունավորում չկա»,֊հավելել է Յարմիշը: