Սասուն Միքայելյանի որդին քաղաքապետ է, ինքը՝ պատգամավոր, փեսան՝ փոխմարզպետ․ արդեն պերեբոր է մարզում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, սակայն պարզվում է՝ ձեռքի հետ էլ շարունակում է Կոտայքի մարզպետ աշխատել։

Մարզպետարանից տեղեկացանք, որ Ռոմանոսին են զեկուցում ամեն ինչ, բոլոր հարցերը կարգավորվում են նրա «դաբրոյով», մինչև հարմար մարզպետացու գտնվի։ Ասում են՝ իշխանությունը կոնտրոլի տակ է պահում մարզպետարանը, որպեսզի այն չանցնի Սասուն Միքայելյանի ազդեցության տակ։

Հիշեցնենք ԵԿՄ ղեկավարի փեսան՝ Վասակ Վարդանյանը, Կոտայքի փոխմարզպետն է։ Իշխանությունները մտադիր են «հակասասունական» թեկնածու դնել, որ մարզում բալանսը պահեն, և այն չդառնա Միքայելյանների կալվածքը։ «Որդին՝ քաղաքապետ, ինքը՝ պատգամավոր, փեսան՝ փոխմարզպետ արդեն պերեբոր է մարզում»,- ասաց իշխանության մեր աղբյուրը։

Իսկ սա նշանակում է, որ նոր մարզպետը լինելու է Ռոմանոս Պետրոսյանի «մարդը»։