Ամեն ամիս սպորտային նպաստ կտրամադրվի գործող մարզիկներին, մարզիչներին ու նրանց բժիշկներին

Ամեն ամիս սպորտային նպաստ կտրամադրվի գործող մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին։ Այս մասին որոշում ընդունեց կառավարությունը՝ սեպտեմբերի 3-ի նիստին։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (գործող մարզիկներին), ինչպես նաև 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ամսական խրախուսման վճար չի տրամադրվում, ինչը նախկինում արվում էր ոչ պետական՝ այլ աղբյուրից, սակայն ամիսներ շարունակ դա դադարեցվել է մարզիկներն ու մարզիչները հայտնվել են ծանր կացության մեջ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշակությունը, և դրանով իսկ աջակցել նաև մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին:

«Ներկայումս 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկներ: Մարզիկների հետ աշխատում են օլիմպիական մարզաձևերի մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի  մեկ գլխավոր և երկու մարզիչները և բժիշկները և/կամ մերսողները»,-ասաց նախարարը: