Ինչ նորմեր պիտի պահպանեք լողավազաններում. կարևոր խորհուրդներ | տեսանյութ

Հյուրանոցային օբյեկտներում մի շարք վարակների տարածման ամենահավանական հատվածներից են լողավազաններն ու բաղնիքները։

Ամառային հանգստի շրջանում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տնտեսվարողներին հորդորում է պահպանել սանիտարական և համաճարակաբանական նորմերը, մասնավորապես, լողավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը։

* Ավազանի ջուրը պարտադիր պետք է վարակազերծված լինի,

* Մեծահասակների լողավազանում ջրի ջերմաստիճանը 24-26 աստիճան C պետք է լինի, երեխաների ավազանում՝ 30,

* Մեծահասակների լողավազաններում 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը 5,0-8,0 քմ է, երեխաներինը՝ 4,0- 5,0 քմ,

*Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ,

* Լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու,

* Լողավազանում (բաղնիքում) պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն,

Լողավազանի բուժշխատողը պարտադիր ամեն օր արտաքին զննություն պետք է իրականացնի՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար։

* Լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պարբերաբար պետք է հետազոտվեն էնտերոբիոզի նկատմամբ,

* Լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ։

Համավարակի շրջանում հյուրանոցային տնտեսությունների համար պարետի որոշմամբ սահմանվել են անվտանգության առանձին կանոններ, որոնց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ԱԱՏՄ-ն։

Այս առումով հերթական անգամ հորդորում ենք խստագույն պահպանել այդ կանոնները, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Այլ մանրամասներ՝ ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության ավագ մասնագետ Լիլիթ Հունանյանի փոխանցմամբ՝ Հ1-ի «Առաջին օգնություն» հաղորդման շրջանակներում։