Խաչմերուկների մոտ օրենքով կբացառվի «կանաչ խաչ» և «դեղատուն» վահանակները

 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել ու դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին:


Ըստ պատգամավորների՝ ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող դեղատների «կանաչ խաչ» և «դեղատուն» լուսային վահանակները, վարորդների կողմից նույնացվելով տրանսպորտային երթևեկությունը կարգավորող լուսացույցների կանաչ լույսի հետ, երթևեկության ընթացքում շփոթություն են առաջացնում և հաճախ դառնում վթարային իրավիճակի պատճառ: Վարորդները, նույնացնելով նշանի կանաչ լույսը լուսացույցի հետ, հատում են ճանապարհը` ենթարկվելով վարչական պատասխանատվության:


Եվ հիմա առաջարկվում է բացառել «կանաչ խաչ» և «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակների տեղադրումը խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ: Նշված պահանջը չկատարելու դեպքում էլ առաջարկվում է վարչական պատասխանատվության միջոցներ կիրառել: