Ինչո՞ւ էին դեմ քննիչ հանձնաժողով ստեղծելուն. բավական անհանգիստ են ու լարված


«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության եւ պարետատան գործողություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը: Այս հանձնաժողովը ձեւավորվել է պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ։ Սույն հանգամանքը բավականին բուռն արձագանք ստացավ իշխանական պատգամավորների կողմից, որոնք հնարավոր բոլոր տարբերակներով փորձեցին թիրախավորել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը, այդ թվում՝ արդեն սովորական դարձած հեգնանքի միջոցով։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները դեռեւս մայիսից, երբ ընդդիմությունը սկսել էր այս հանձնաժողովը ձեւավորելու գաղափարը կյանքի կոչել, բավական անհանգիստ են ու լարված, քանի որ, ըստ տարբեր փորձագետների գնահատականների, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ համավարակի դեմ պայքարում հարթ եւ օրենքի տառին համապատասխան է արված, եւ այդ գործընթացում, ըստ էության, առկա են զգալի խնդիրներ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց նման խնդիրների պատճառով է, որ իշխանության ներկայացուցիչները քննիչ հանձնաժողով ձեւավորելու հարցում վերապահումներ ունեին եւ քննադատական մոտեցում էին ցուցաբերում։

Ինչպես ցույց տվեցին քննարկումները, քանզի հանձնաժողովն արդեն ստեղծված է, իշխանությունները փորձելու են կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման պատասխանատվությունը գցել ընդդիմության վրա, թե իբր նրանք «խանգարել են» եւ անլուրջ վերաբերմունք են ձեւավորել հանրության մեջ: Պատահական չէր, որ ընդդիմադիրներն էլ երեկ հիշեցնում էին իշխանությունների հակասական հայտարարությունները, վիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը եւ այլն»: