Կոնսոլիդացիա չի լինի. ԲՀԿ-ն որոշել է միայնակ առաջ գնալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Դեռեւս օգոստոսի 26-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մեծ հանրահավաք կազմակերպելու եւ խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ սկսելու մասին: Կոտայքի մարզի ակտիվի հետ բացօթյա հանդիպման ժամանակ Ծառուկյանը հիշեցրել էր, որ իր աշխատակիցներին հանձնարարել է ժողովրդի հետ շփվել, նրանց հուզող հարցերը լսել։ Հիմա էլ հետեւություն է արել՝ խնդիրները բազմաթիվ են, բայց բոլոր հարցերի պատասխաններն ինքը պատրաստ է տալ:

Եվ, ահա, չնայած ամիսներ շարունակ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԲՀԿ-ն ցանկանում է միայնակ առաջ գնալ: Եռյակի ֆորմատը, կարծես թե, այնքան էլ հեռանկարային չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոստացված հանրահավաքը պլանավորված է իրականացնել հոկտեմբերին, սակայն ԲՀԿ-ում կուսակցականները կտրուկ դեմ են եղել, որ իրենց հանրահավաքին մասնակցեն նաեւ ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները: Ու ստացվում է, որ թեեւ այս ուժերը ամիսներ շարունակ համագործակցել են, սակայն քաղաքական ամենակարեւոր միջոցառումներից մեկին, այն է՝ հանրահավաքին, միասնական ճակատով հարթակ չեն բարձրանալու: Ու հերթական անգամ ականատես ենք լինելու իրողության, որ ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիան չի կայանում»: